Wednesday, February 18, 2015

Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ

Հովհաննես Թումանյան.բանաստեղծություններ


ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծննդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ...

1894

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։
Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։
1887

* * *
Ա՜խ, ես երանի
Կայծա՜կ լինէի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից
Ժայթքեի ըմբոստ,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն
Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած,
Եվ ո՞ւր է աստված․․․
1891

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...