Wednesday, December 6, 2017

Ձմռան մեկնարկը Դիլիջանից


Լուսանկարները՝ Անի Սարգսյանի




Տավուշ աշխարհ՝ հայտնի իր բնությամբ ու առատությամբ: Դիլիջան տանող ճանապարհ, լավ ընկերներ, հարազատ միաջավայր, բարձր տրամադրություն ու բազում նախագծային փուլեր, որոնք պատրաստվում էինք հերթով անցնել: Դե, կարծում եմ էլ ոչինչ պետք չէ երջանիկ լինելու համար։ Ճանապարհին հանդիպող ձյունը մեզ ձմեռային տրամադրություն ու շունչ էր հաղորդում։ Ժամանակը ինչպես միշտ թռավ առանց զգուշացնելու և մենք տեղ հասանք։ Չպատմեմ մեր հարմարավետ հյուրատան մասին և միանգամից ասեմ, որ Դիլիջանում մեր առաջին կանգառը եղավ Պարզ լճում։ Արևի շողերը լճի վրա էին, տաք եղանակ էր։ Լուսանկարչական տարբեր աշխատանքներ էին տարվում։ Ամեն մեկը լճի մոտ իրենն էր գտնում։ Երկրորդ օրն էլ ավելի սպասված էր, քանի որ գնալու էինք Գոշավանք, ռազմական վարժարան, որից հետո գնալու էինք տեսնելու Աղստև գետը։ Բարի ու ժպտերես Գոշեցիները վաճառում էին սիրուն, համով-հոտով ու գունավոր իրեր, բույսեր, զարդեր։ Վանքի բակում հանդիպեցինք մի խումբ զինվորների, ովքեր եկել էին պատարագ լսելու։ Միմյանց փոխանցելով մեր ունեցած գիտելիքները Գոշավանքի մասին, ունեցանք փոքրիկ քննարկում: Սրանից հետո արդեն այցելություն Դիլիջանի ռազմական վարժարան, որի մասին ավելի մանրամասն կառաջարկեմ կարդալ այստեղ: Հասանք Աղստև գետին։ Մաքրեցինք գետի ափը, մեր նախագիծը հասցնելով Դիլիջան ծանոթացրինք նաև տեղացիներին և նրանք ևս խոստացան լինել նախագծի տարածողը: Երկուշաբթի էր։ Առավոտյան նախաճաշից ու հյուրատունը հանձնելուց հետո պետք է թափառեինք Դիլիջանի փողոցներով։ Հին Դիլիջանով քայլելով գնացինք դեպի ամֆիթատրոն, կենտրոնում փոքր պարատուն կազմակերպեցինք՝ մեր ամենասիրած պարերով։ Դիլիջանը հետաքրքիր է նաև իր բնակիչներով, մի պապիկ կա, իր տունը կարծես նմանեցրել է թանգարանի։ Նա զբաղվում է փայտամշակմամբ։ Իր տան ու բակի ամեն մի աշխատանք իր իմաստն ու պատմությունն ունի։ Պապիկը մեզ մեծ սիրով ու հաճույքով ընդունեց իր տուն և ցույց տվեց ամեն բան։ Մեր ճամփորդական վերջին օրն էր Դիլիջանում և մենք պետք է այցելեինք «Այբ» դպրոց՝ երեխաների հետ պարելու և դպրոցով շրջելու։ Մինչև շրջայցի ավարտը երեխաները վերջացրին իրենց դասերն ու միացան մեզ: Մենք պարեցինք, ընկերացանք, ու ժամանակն էր վերադարձի։ Ճանապարհին մառախուղ էր, շուրջ կողմը սպիտակ, ամբողջը ձյուն էր։ Երևանում մռայլ էր, կրկին Դիլիջան էինք ուզում։






No comments:

Post a Comment